Վրաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Աբխազիայի տարածքով Հայաստան տարանցիկ փոխադրումների վերսկսման հնարավորությունը
Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն, «Ազատություն» ռադիոկայանի եթերում մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի և Աբխազիայի նախագահի հայտարարությունները՝ Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի տարանցիկ փոխադրումների հնարավոր վերականգնման մասին, նշել է. «Ցանկացած տարանցիկ փոխադրումներ Վրաստանի տարածքով պետք է իրականացվի Վրաստանի օրենսդրության համաձայն: Այս մասին գրում է «Грузия Online»-ը:
Նախարարն ընդգծել է, որ բոլոր որոշումները՝ կապված նմանատիպ փոխադրումների հետ, այդ թվում և «Վրաստանի օկուպացված տարածքներով», պետք է ընդունի Վրաստանի կառավարությունը:
Միխայիլ Ջանելիձեն հիշեցրել է այն համաձայնությունների մասին, որոնք Վրաստանն ու Ռուսաստանը ստորագրել էին 2011 թվականին, երբ Ռուսաստանը մտավ Առևտրի համաշխարհային կազմակերպության մեջ: Այդ համաձայնագիրը ենթադրում էր երկու երկրների միջև առևտրի մոնիտորինգ:
«Ելնելով նրանից, որ Վրաստանը չի կարող վերահսկել սահմաններն «օկուպացված տարածքներում»՝ համաձայնագիրը նախատեսում է այդ տարածքներում երրորդ կողմի մոնիտորինգ, որը կհետևի Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրին»,- պարզաբանել է նախարարը և հավելել, որ կողմերի համար այլ պարտավորություններ այդ համաձայնագիրը չի նախատեսում: