Մեկնարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավը
Համաձայն ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ընտրական միջոցառումների ժամանակացույցի՝ այսօրվանից՝ ապրիլի 21-ից մեկնարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավը, որը կավարտվի քվեարկությունից մեկ օր առաջ՝ մայիսի 12-ին, ժամը 00.00-ին:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը քարոզարշավը սկսում է «Հանուն Երևանի» կարգախոսով: Կուսակցության ավագանու թեկնածուները Տարոն Մարգարյանի գլխավորությամբ կսկսեն քարոզչությունը Էրեբունու վարչական շրջանից և, բացառությամբ ապրիլի 24-ի, մնացած օրերին ակտիվ քարոզչություն կիրականացնեն:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի մեկնարկը կտա հեծանվաերթով, որը կմեկնարկի Ազատության հրապարակից, ապրիլի 21-ին, ժամը 17:00-ին:
«Ելք» դաշինքը քարոզարշավը սկսում է երթով, որը կմեկնարկի ժամը 18:00-ին, «Բարեկամության ձեռքեր» հուշարձանին հարող տարածքից (Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատված): Երթը ավարտվելու է 19:00-ին, Հյուսիսային պողոտա - Տերյան խաչմերուկին հարող տարածքում, որտեղ կկայանա հավաք և համերգ: