Ովքեր կդառնան ԱԺ խմբակցության ղեկավար և քարտուղար
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Այս օրերին քաղաքական կուլիսներում քննարկվում է խմբակցությունների ղեկավարների, քարտուղարների հարցը։ Այսպես, Հանրապետական խմբակցության ղեկավարի պաշտոնի համար քննարկվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի թեկնածությունը, թեև վերջինս ցանկանում է դառնալ ԱԺ նախագահ, ինչը քիչ հավանական է համարվում։ Ֆրակցիայի ղեկավարի պաշտոնում շրջանառվում են նախկին ղեկավարների՝ Վահրամ Բաղդասարյանի, Գալուստ Սահակյանի անունները։ Իսկ որպես խմբակցության քարտուղար՝ շրջանառվում է այժմյան քարտուղար Գագիկ Մելիքյանի անունը։
Խորհրդարան անցնող մյուս ուժում՝ «Ծառուկյան դաշինքում», ոչ մեկը դեռ ոչինչ չգիտի, դա կախված է մի մարդուց։ Այստեղ անորոշություն է ոչ միայն ցուցակով կամ ռեյտինգայինով ընտրվածների հարցում, այլև խմբակցության ղեկավար, քարտուղարի մասով։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԾԴ խմբակցության ղեկավարը կարող է լինել Գագիկ Ծառուկյանը, քարտուղարը՝ Վահե Էնֆիաջյանը։ ՀՅԴ-ում խմբակցության ղեկավար, քարտուղարի հարցում դժվար թե որևէ փոփոխություն լինի, ղեկավարը կլինի Արմեն Ռուստամյանը, քարտուղարը՝ Աղվան Վարդանյանը։
Ով կղեկավարի «Ելք» դաշինքի խմբակցությունը, դեռ հայտնի չէ։ Հաշվի առնելով, որ դաշինքի 9 պատգամավորներից 4-ը «Քաղպայմանագրից» են, իսկ ռեյտինգայինով առաջադրվածների մեջ ամենից շատ ձայնն ստացել է Նիկոլ Փաշինյանը, ուստի հնարավոր է հենց նա էլ դառնա ֆրակցիայի ղեկավար։ Եթե, իհարկե, նոու-հաուների սիրահար «Ելք»-ը նորից չորոշի քվեարկություն կազմակերպել, որոնց արդյունքները երբեմն անկանխատեսելի են լինում։ Հնարավոր է, որ եթե, օրինակ, Նիկոլը կամ Էդմոնը դառնան ֆրակցիայի ղեկավար, ապա մյուսը չհամաձայնի լինել քարտուղար, և այլ թեկնածուի նշանակեն այդ պաշտոնին»։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: