Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հաղթանակը կանխատեսելի էր. թուրքագետ
Այսօր` ապրիլի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Ռուբեն Սաֆարյանը անդրադարձել է Թուրքիայում սահմանադրական թոթոխություններին:
Նա ընդգծեց, որ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հաղթանակը կանխատեսելի էր: Վերլուծելով հանրաքվեն ըստ տարածաշրջանների, նա ընդգծեց, որ խոշոր քաղաքների բնակիչները դեմ են քվեարկել սահմանադրական փոփոխություններին: Էրդողանը հաղթանակ է տարել կենտրոնական շրջաններում, բացառությամբ Անկարայի:
Թուրքիայի բնակչությանն առանձնապես հոգեհարազատ չէ սահմանադրական փոփոխությունները. «Երկիրը բաժանվել է երկու հատվածի: Այն շրջաններում, որտեղ բնակչության կրթական ցենզը բարձր է, դեմ է քվեարկել փոփոխություններին, այն շրջանները, որոնք հետ են մնացել ժամանակակից զարգացումներից, կողմ են արտահայտվել սահմանադրական փոփոխություններին»,- ասաց նա:
Թուրքագետը կարևորեց նաև քրդաբնակ շրջանների կողմնորոշումը. նրանք դեմ են արտահայտվել սահմանադրական փոփոխություններին. «Այս դեմ քվեներն ավելի շատ կարող էին լինել, եթե գլխատված չլիներ «Ժողովրդական-դեմոկրատական կուսակցությունը»: Նրանց ղեկավարները մեծ մասամբ բանտերում են, եթե այդպես չլիներ, «դեմ»-ի կողմնակիցներն ավելի շատ ձայներ կստանային»: