Այսօր Հարության տոնն է. Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է հարությունը Քրիստոսի
Այսօր քրիստոնեական եկեղեցիներում նշում են Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը կոչվում է նաև Զատիկ՝ զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:
Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երեւացին երկու հրեշտակ եւ ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):
Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երեւաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ:
Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Տոնական ավանդույթի համաձայն՝ Ս. Զատկին ձուն ներկում են տոնի նախորդ՝ շաբաթ օրը, իսկ երեկոյան Ճրագալույցից հետո պատրաստում Զատկի սեղանը:
Անկախ նրանից տանը ննջեցյալ կա թե ոչ՝ ձու ներկում, իսկ փլավը եփում են չամիչով: Կարմիր ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար:
Գերեզմանատուն գնալը Ս. Զատիկի օրը խստիվ արգելվում է: Հոգեհանգստի և գերեզմանատուն այցելության օրը մեռելոցն է՝ այս տարի ապրիլի 17-ին:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե):