Շուշիում կայացել է Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ՄԻՊ-ի հերթական հանդիպումը
Արցախի հանրապետության ՄԻՊ աշխատակզմը հայտնում է, որ ապրիլի 14-ին Շուշիում տեղի է ունեցել Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ մարդու իրավունքների պաշտպանի հերթական հանդիպումը, որի ընթացքում Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է 2017 թվականին Եվրոպա և ԱՄՆ կատարած աշխատանքային այցերի արդյունքները, ինչպես նաև ՄԻՊ 2016թ. տարեկան զեկույցի հիմնական դրույթները։
Քննարկվել են նաև Արցախի քաղաքացիական հասարակության կառույցների ամրապնդմանն ու գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք գաղափարներ և դրանց կյանքի կոչման ուղիները: Պաշտպանը ընդգծել է Արցախն ավելի ճանաչելի դարձնելու գործում հասարակական կազմակերպությունների ակտիվ դերակատարության կարևորությունը: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց հերթին բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերը, այդ թվում՝ մասնավոր հատվածի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների հարկման հետևանքները, օտարերկրյա գործընկերների հետ գործակցության խնդիրները։
ՄԻՊ տարեկան զեկույցի վերաբերյալ մտքերի փոխանակման ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ընդգծել են Արցախի շրջաններում, ինչպես նաև փակ հիմնարկներում աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտությունը:
Հանդիպման ավարտին Պաշտպանը հավաստիացրել է, որ արտահայտված նկատառումները հետագա աշխատանքում հաշվի են առնվելու, և որ քաղաքացիական հասարակության հետ բաց երկխոսության ավանդույթը շարունակվելու է։
Քաղաքացիական հասարակության հետ հանդիպմանը հաջորդել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ասուլիսը: