Վրաստանում առաջին ավիատաքսին է գործարկվել. այն թռիչքներ կկատարի նաև դեպի Երևան
Վրացական «Adjara Group Hospitality» հյուրանոցային ընկերությունը երկրում առաջին ավիատաքսին է գործարկել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով կազմակերպության մամուլի հաղորդագրությանը:
«Aviator» ավիատաքսին ճանապարհորդներին կտեղափոխի ամերիկյան «Beechcraft King Air» ինքնաթիռներով, որոնք նախատեսված են հինգ ուղևորների համար: Հետագայում նախատեսված է ինքնաթիռների ուղևորների թվի մեծացում:
Ինքնաթիռը կերթևեկի Թբիլիսիի օդանավակայանի և Վրաստանի այլ օդային դարպասների միջև: Այն նաև դեպի արտասահման չվերթեր կիրականացնի, մասնավորապես՝ դեպի Երևան, Բաքու, Ստամբուլ, Տրապիզոն և այլ քաղաքներ:
Ավիատաքսիով ճամփորդությունները չարթերային թռիչքներից տարբերվում են գրանցման երկար գործընթացի և վայրէջքի երկար սպասման բացակայությամբ: Ուղևորներն ընդամենը պետք է ժամանեն ուղևորվելուց 10-15 րոպե առաջ, որպեսզի փաստաթղթային գործընթացներն իրականացվեն: