3 զինվորի կյանք փրկած փոխգնդապետ Արտակ Աղեկյանն այսօր կդառնար 38 տարեկան (լուսանկարներ)
2015 թվականի փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված մարտերի ժամանակ զոհվել էին զինծառայողներ 36-ամյա Արտակ Սեդրակի Աղեկյանը և 20-ամյա Հայկ Գրիգորի Բարոյանը:
Փոխգնդապետ Արտակ Աղեկյանն իր կյանքի գնով փորձել է փրկել Հայկ Բարոյանի կյանքը, ինչը, ցավոք, նրան չի հաջողվել, սակայն, նա իր հերոսական քայլով կարողացել է փրկել 3 զինծառայողի կյանք:
Նշենք, որ 2016 թվականի փետրվարի 28-ին, Տաշիրի թիվ 2 դպրոցն անվանակոչվեց փոխգնդապետ Արտակ Աղեկյանի անունով, իսկ դպրոցի սրահներից մեկում բացվեց հրամանատարի փառքի սրահը: