Իշխանությունները ծածկադմփոց կանեն նախընտրական սկանդալը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները փորձում են ծածկադմփոց անել դպրոցների և մանկապարտեզների տնօրենների մասնակցությամբ նախընտրական սկանդալը: Հիշեցնենք՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հրապարակել էր իր արած ձայնագրությունները, որտեղ այդ տնօրենները խոստովանել են իշխող ՀՀԿ-ի օգտին մարդկանց ցուցակագրելու մասին:
Հանգստյան օրերին այդ տնօրեններին հրավիրել էին ՀՀԿ շտաբներ ու թեև նախատել էին միամտություն դրսևորելու և անկեղծանալու համար, բայց և հանգստացրել էին՝ ասելով, որ որևէ մեկը չի պատժվի, «ապօրինի ձայնագրությունները» ուժ չունեն: Այդ տնօրենների հետ նաև լիկբեզ են անցկացրել՝ սովորեցնելով հարցուպատասխանի դեպքում արդարանալ, թե ամեն ինչ օրինականության շրջանակներում է և արվել է աշխատանքային ժամից հետո: Իսկ աշխատանքային ժամերին իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ անպատիժ կմնա նաև ՀՀԿ-ն, որի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջ են ներկայացրել ընտրություններին մասնակից մի շարք ուժեր: Ընդ որում, այս հարցում պետական մարմինները փորձում են կատարվածը բացահայտելու իրավասությունը միմյանց վրա գցել: Մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազությունը, ի պատասխան ArmLur.am-ի հարցի, հայտարարել է, թե սկանդալային ձայնագրություններից միայն մեկն է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակում, իսկ մյուսներով գործողությունները գտնվում են «պետական այլ իրավասու մարմինների լիազորությունների շրջանակներում»:
Իսկ մյուս պետական մարմինները ԿԸՀ-ն, ԿԳ նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանն են: ԿԸՀ-ն այս կապակցությամբ նիստ կանի առաջիկա օրերին, ԿԳՆ-ն հայտարարել է փաստերն ուսումնասիրելու (հավանաբար, արդարացումների իրավական հիմնավորումներ են փնտրում) մասին, քաղաքապետարանն էլ, «քափ ու քրտինք մտած», արդեն իսկ արդարացնում է տեղի ունեցածը: Իսկ Սերժ Սարգսյանը խոստանում էր «մաքուր ընտրություններ»»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: