Ավո Ուվեզյանի համագործակցությունը Ֆրենկ Սինատրայի հետ և հանրահայտ սիգարները (լուսանկարներ)
Ավո Ուվեզյանը ծնվել էր 1926 թ. Բեյրութում, Լիբանանում երաժիշտների ընտանիքում։ Հայրը Լայպցիգում սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար էր։ Մայրը և կրտսեր քույրը ևս պրոֆեսիոնալ երաժիշտներ են։
16 տարեկանում Ավոն ստեղծում է ջազ խումբ։ Խումբը նվագում է Լիբանանում, այնուհետև նրանց հրավիրում են Բաղդադ և Թեհրան։ Մի օր պալատում նվագելիս նրան նկատում է շահ Ռեզա Փեհլևին։ Վերջինիս շնորհիվ Ավոն մեկնում է ԱՄՆ, որտեղ և ընդունվում է Նյու Յորքի Ջուլիարդ հայտնի երաժշտական դպրոցը։ Այնտեղ էլ Ավո Ուվեզյանը ամուսնանում է։
Ավո Ուվեզյան և Ֆրենկ Սինատրա
1958 թ. Լաս Վեգասում Ավո Ուվեզյանի աները նրան ծանոթացնում է հանրահայտ երաժիշտ Ֆրենկ Սինատրայի հետ։ Հանդիպելով Ֆրենկ Սինատրայի հետ՝ Ավոն ասում է, որ դա իր կյանքի ամենալավ օրն է, քանի որ հանդիպել է մեծագույն երգչի հետ։ Այդ ժամանակահատվածը Ֆրենկ Սինատրայի համար այդքան էլ հաջող չէր, և, թվում էր, նրա կարիերան մոտենում էր ավարտին։ Սինատրայի համար շատ հաճելի էր լսել, որ նրան անվանում էին մեծագույն երգիչ, և որոշ ժամանակ հետո նրա կարիերան սկսեց վերելք ապրել՝ այս անգամ արդեն կինոյի բնագավառում։
Մի քանի տարի հետո Ավոն իր երաժշտական գործերից մեկը՝ Կոտրված Կիթառ (Broken guitar) անունով, ներկայացնում է Ֆրենկ Սինատրային։ Վերջինիս շատ է դուր գալիս երաժշտությունը, բայց որոշում է փոխել դրա բառերը։ Այսպես ծնվում է աշխարհահռչակ «Strangers in the Night» երգը։
Ավո Ուվեզյան և սիգարներ
Մեկնելով Պուերտո Ռիկո՝ Ավոն երկրորդ անգամ է ամուսնանում։ Այնտեղ նա ստեղծում է խումբ, որի հետ նվագում էր կուրորտային ռեստորաններում։ Մի օր նվագելիս նա հանդիպում է շվեյցարահայ Ժակ Մելքոնյանի հետ, ով միտք է հայտնում զբաղվել սիգարների արտադրությամբ։
Սկզբնական ժամանակները Ավոն սիգարներ էր պատրաստում իր և իր ընկերների համար։ Այնուհետև 1988 թ-ին նա 10 տուփ իր սիգարներից ուղարկում է աշխարհահռչակ «Davidoff» ընկերություն։ Սիգարները շատ արագ վաճառվում են, և ընկերությունը նոր պատվեր է անում։ Դրանից հետո Ավո Ուվեզյանը և «Davidoff»-ը անբաժան են։ 1996 թ-ին «Davidoff» ընկերությունը 10 միլիոն դոլարով գնում է «AVO» սիգարային բրենդի իրավունքները: «AVO» տարբերանշանի հեղինակն է հայտնի անգլիացի դիզայներ Դառել Այրլենդը։
2000 թ-ին Ավո Ուվեզյանը ստեղծում է Ավո Մադուրո (Avo Maduro) սիգարները, որոնք առանձնանում են իրենց քաղցր համով։ Ավո Ուվեզյանը երբեք չի բաժանվում երաժշտությունից։ Նա բեմ է դուրս եկել և նվագել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Ռեյ Չարլզը, Ջեյմս Բրաունը, Թաջ Մահալը և ուրիշներ։ Նրա կուռքերն են Դյուկ Էլլինգտոնը, Օսկար Պիտերսոնը, Չիկ Կորեան։