«Հաց բերող»-ի մահը դաս չեղավ. Վահան Շիրխանյանին խոշտանգելու գործընթացը շարունակվում է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հաց բերող»ի՝ Արթուր Սարգսյանի մահն այդպես էլ դաս չեղավ իրավապահ մարմինների համար: Հիշո՞ւմ եք՝ չնայած առողջական ծայրահեղ ծանր վիճակին, նրան «Սասնա ծռեր»-ի գործով քննիչը դատարանի միջոցով կալանավորեց, որի դեմ բողոքելու համար Արթուր Սարգսյանը հացադուլ հայտարարեց: Այն բերեց առողջության վերջնական քայքայման ու մահվան:
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ահազանգեր ստանալ այն մասին, որ այս օրերին ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ով կալանավորվել էր դեռ 2015թ.-ին բացահայտված զինված խմբավորման գործով: Շիրխանյանն այլևս չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, ավելին՝ նրա մոտ ի հայտ են եկել նոր հիվանդություններ, որոնք ավելի են սրում իրավիճակը: Ու չնայած այս ամենին, Շիրխանյանին շարունակում են պահել կալանքի տակ:
«Ժողովուրդ»-ն Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունից էլ հետաքրքրվեց՝ ինչ զննություն է անցել Շիրխանյանը և ինչ բուժում է ստանում. «Բացի քրեակատարողական հիմնարկում ստացած խորհրդատվություններից, բուժումից և կատարած զննություններից՝ Վ. Շիրխանյանը բազմիցս, այդ թվում նաեւ իր նախընտրած բուժհաստատություններում, իր նախընտրած մասնագետների կողմից ենթարկվել է ռեւմատոլոգի, անգիովիրաբույժի, նյարդավիրաբույժի, սրտաբանի, ուրոլոգի, նյարդաբանի զննության, կատարվել են համապատասխան լաբորատոր եւ գործիքային հետազոտություններ»:
Նման հետազոտություններ անցկացվելու են նաև առաջիկա օրերին: Ավելին՝ հիմա Վ. Շիրխանյանը գտնվում է դինամիկ հսկողության ներքո և ստանում անհրաժեշտ դեղորայքային բուժում: Մինչդեռ, նրա հարազատները հակառակն են պնդում` Շիրխանյանը չի բուժվում, և նրան խոշտանգելու գործընթացը շարունակվում է»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: