Բելգիայում ահաբեկչական գործողություն է կանխվել
Անտվերպենի ոստիկանությունը ձերբակալել է ավտոմեքենայի վարորդին, ով առևտրի փողոցում փորձել է վրաերթի ենթարկել հետիոտներին: Այս մասին գրում է РИА Новости-ն` հղում անելով Soir պարբերականին:
Թերթի տեղեկությամբ՚ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11:00-ին: Հետիոտներին հաջողվել է փրկվել: Չարագործների հետևից են ընկել զինվորականները: Ձերբակալվել է մեկ մարդ, ում մասին մանրամասներ չեն հաղորդվում:
Բելգիական հեռուստառադիոընկերությունն իր հերթին, վկայակոչելով սեփական աղբյուրները, հաղորդում է, որ Անտվերպենում կանգնեցվել է կասկածելի ավտոմեքենա, որի ղեկին թունիսցի ներգաղթյալ է եղել: Բեռնախցիկում հայտնաբերվել են զենք և զինվորական համազգեստ:
Բելգիական Անտվերպենի համայնքապետ, ֆլամանդացի ազգայնականների առաջնորդ Բարտ Դե Վեները լրագրողներին հայտնել է, որ քաղաքում ահաբեկչական գործողությունը կանխվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը հայտնաբերել է կասկածելի ավտոմեքենան:
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը շնորհակալություն է հայտնել անվտնագության աշխատակիցներին հրաշալի աշխատանքի համար: