ԱԱԾ-ն պաշտոնապես հաստատեց Սամվել Բաբայանի ձերբակալությունը (տեսանյութ)
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հաստատեց Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալության լուրը:
ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ ասվում է. «Ի պատասխան տարբեր լրատվամիջոցների բազմաթիվ հարցումների՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայութան մամուլի կենտրոնը հայտնում է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։
Կատարված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաեւ արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը եւ փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ եւ նրա պատվերով։
Ըստ փորձագետի եզրակացության՝ զենիթա-հրթիռային համալիրի բաղադրիչ կազմող «9M39» մարտական հրթիռը պիտանի է հետագա շահագործման համար եւ հանդիսանում է ռազմամթերք։
Ներկայումս պարզաբանվում են զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերման շարժառիթները, հնարավոր օգտագործման նպատակները, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրները։
Նախաքննությունը շարունակվում է»։