Եթե որևէ ղեկավար ասում է՝ ես կայացած մարդ եմ, ամեն ինչ սովորել եմ, դա ակտուալ չէ. Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Շիրակի մարզ:
Անդրադառնալով համայնքների գազիֆիկացման հարցին՝ կառավարության ղեկավարը բերել է Շիրակի մարզի Բասեն համայնքի օրինակը, որտեղ համայնքապետը ջեռուցման հարցը լուծել է նորարարական ճանապարհով, որն ավելի արդյունավետ է և քիչ ծախսատար: Կարեն Կարապետյանն առաջարկել է հանդիպմանը մասնակցող համայնքների ղեկավարներին՝ այդ փորձին ևս ծանոթանալ և համատեղ քննարկել, թե ջեռուցման որ տարբերակն ավելի արդյունավետ կլինի իրենց համար: Վարչապետը նաև խոսել է ըստ տարածաշրջանների կլիմայական առանձնահատկությունների էներգառեսուրսների սակագնային քաղաքականության մասին:
«Մենք այժմ քննարկում ենք մի հարց, որ հետագայում թոշակի, աշխատավարձի նվազագույն չափը սահմանելիս գործակիցներ կիրառենք՝ հաշվի առնելով հյուսիսային, լեռնային և բարձրլեռնային գոտիների ձմռան երկարատևությունը և էներգառեսուրսների ծախսը: Երբ պատրաստ լինենք, և մեր միջոցները բավականացնեն, նման ձևով ենք ցանկանում այդ հարցին լուծում տալ», - տեղեկացրել է գործադիրի ղեկավարը:
Կարևորելով կրթության դերը բարեփոխումների գործընթացում՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ արդյունավետ աշխատելու համար յուրաքանչյուր ղեկավար պետք է անընդհատ կրթվի և զարգանա: «Մենք Գերմանիայի կառավարության հետ համատեղ ծրագիր ենք պատրաստում, որի շրջանակում 250 համայնքապետ հատուկ ուսուցում է ստանալու, թե ինչպես պետք է համայնքը կառավարել: Մեր բոլոր մարզպետերն վերապատրաստվելու են Ամերիկյան համալսարանում: Ես ամեն օր ինձ վրա աշխատում եմ: Յուրաքանչյուր ղեկավար ամեն օր իր վրա պետք է աշխատի: Եթե որևէ ղեկավար ասում է՝ ես կայացած մարդ եմ, ամեն ինչ սովորել եմ, դա ակտուալ չէ, որովհետև այսօր աշխարհն այնքան արագ է փոխվում, որ եթե դու կանոնավոր, ամեն օր չես աշխատում ինքդ քեզ վրա, մրցունակ լինել չես կարող», - ընդգծել է վարչապետը:
Կարեն Կարապետյանն այցելել է նաև Գյումրի, ծանոթացել Կումայրի արգելոց-թանգարանի և Գյումրու Շիրակացի ու Ռուսթավելի փողոցների վերականգնման ծրագրի աշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ նախագիծն արդեն վերջնական տեսքի է բերվել, և մարտի 21-ին մեկնարկել են շինարարական աշխատանքները: Վարչապետը հանձնարարել է աշխատանքներն իրականացնել բոլոր կոմունիկացիաները մեկ վայրում կենտրոնացնելու և ֆունդամենտալ վերանորոգում իրականացնելու ուղղությամբ՝ կարևորելով շինարարության պատշաճ կառավարումն ու վերահսկողությունը, սահմանված ժամկետների պահպանումը: