Գնում ենք առաջ. Արցախի ՄԻՊ-ը՝ Շուշիից Վիեննա-Փարիզ-Վաշինգտոն քաղաքներում կատարած գործառույթների մասին (լուսանկարներ)
Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն իր ֆեսբուքյան էջում ներկայացրել է վերջին 35 օրերին իր կատարած գործառույթները:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը մասնավորապես գրել է. «Փետրվարի 11-ից մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում (35 օր) գործառույթներս կատարել եմ 15 բնակավայրում՝ Շուշի, Ստեփանակերտ, Մարտակերտ, գ.Թալիշ, Երևան, Գյումրի, Ստրասբուրգ, Բրյուսել, Վիենա, Փարիզ, Նյու-Յորք, Բոստոն, Փրովիդենս (Ռոդ Այլենդ), Վաշինգտոն, Ռիջֆիլդ (Նյու-Ջերսի)։ Այդ ընթացքում ունեցել եմ մոտ 70 հանրային միջոցառում՝ հարցազրույցներ, ասուլիսներ, հրապարակային ելույթներ, քննարկումներ, հանդիպումներ տարբեր երկրներ ու կառույցներ ներկայացնող հանրային գործիչների, իրավապաշտպանների, փորձագետների, գիտնականների հետ։ Մասնավորապես, հիշարժան են հարցազրույցը Foreign Policy-ին, ասուլիսը ԵՄ խորհրդարանում, ելույթները Բրյուսելի մամուլի ակումբում (քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առջև), The Fletcher School-ում (մասնագիտական լսարանի առջև), Նյու Յորքում, Վաշինգտոնում, Ռոդ-Այլենդում (հայ համայնքի առջև), որպես բանախոս՝ հանրային քննարկումները MIT-ում (հեռարձակվել է www.ABCnews.com կայքում), Johns Hopkins համալսարանում, մասնակցությունը ՀՀ ՄԻՊ կազմակերպած՝ բնիկ ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների հիմնարար իրավունքների պաշտպանությանը նվիրված կլոր սեղան-քննարկմանը, հանդիպում-քննարկումները ԱՄՆ կոնգրեսականների, ԵՄ խորհրդարանականների, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի ղեկավարության հետ։
Միջոցառումների հիմնական օրակարգային հարցերն են եղել Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ու մարդու իրավունքների տեսանկյունից դրա հետևանքները, Արցախում մարդու հիմնարար իրավունքների երաշխավորմանը միջազգային իրավապաշտպան համայնքի ներգրավան անհրաժեշտությունը, Լապշինի գործը։
Գնում ենք առաջ»։