Հայաստանում հերքել են Լուկաշենկոյի հավաստիացումները՝ Երևանից ժամանած օդանավում ռադիոակտիվ նյութերի առկայության մասին
Հայաստանում հերքել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը՝ Հայաստանից ժամանած օդանավում ռադիոակտիվ նյութերի առկայության մասին։
Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայության պարզաբանման մեջ նշվում է, որ օդանավակայանի մաքսակետում, ինչպես և մյուս սահմանային անցակետերում, իրականացվում է պատշաճ վերահսկողություն՝ ռադիոակտիվ նյութերի տարանցումը բացահայտելու ու կանխելու նպատակով։
«Նշված հրապարակման կապակցությամբ, վստահեցնում ենք, որ օդանավակայանում ուղեբեռերն ու ուղևորները ենթարկվում են պատշաճ հսկողության ու մաքսային լիազորությունների շրջանակում իրականացված միջոցառումների շրջանակում ոչ մի խախտում չի հայտնաբերվել։ Հետևաբար, խոսք անգամ չի կարող լինել այն մասին, որ իրավախախտման փաստը կարող էր չնկատվել»,- վստահեցրել են հանձնաժողովի մամուլի ծառայությունից։