Ուկրաինան ցանկանում է արգելել «Եվրատեսիլ»-ի ՌԴ-ի մասնակցի մուտքը երկիր
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը փաստաթղթեր է պատրաստել «Եվրատեսիլ-2017»-ին Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող Յուլիա Սամոյլովայի մուտքն իրենց երկիր արգելելու համար: Այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Վասիլի Գրիցակը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Նա պարզապես չէր եկել Ղրիմ, նա նաև հետքեր է թողել սոցիալական կայքերում, որտեղ նա արտահայտվում է Ուկրաինայի և իշխանությունների, եվրաատլանտյան ինտեգրացիայի մասին: Իմ դիրքորոշումը պարզ է: Ես կարծում եմ, որ նա չպետք է գա Ուկրաինա»,- նշել է գերատեսչության ղեկավարը:
Գրիցակը հավելել է, որ իր դիրքորոշումը՝ որպես Ուկրաինայի անվտանգության ծառայության պետի, հստակ է. «Օրենքը պետք է մեկը լինի բոլորի համար»:
Իսկ ավելի վաղ Կրեմլում բացառել էին Սամոյլովայի փոխարինումը մեկ այլ ներկայացուցիչով: