ՊԵԿ համակարգի աշխատակիցներին հրահանգվել է ՀՀԿ-ի համար ձայն ապահովել
«Ժամանակ» թերթը գրում է. «Վաչապետ Կարեն Կարապետյանի ամենավստահելի մարդկանցից մեկը «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին գլխավոր տնօրեն, այժմ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երկրով մեկ ամբողջ ՊԵԿ համակարգի աշխատակիցներին հրահանգել է ՀՀԿ-ի համար ձայն ապահովել։ Անանուն մնալու պայմանով ՊԵԿ աշխատակիցներից «Ժամանակ»-ին պատմեցին, որ հարկային ստորաբաժանումների տնօրենները բոլոր աշխատակիցներին կանչում և հանձնարարում են՝ իրենց, ընտանիքի բոլոր անդամների և հարազատների ընտանիքների անձնագրերի տվյալները ներկայացնել։ Իսկ ով համարձակվում է հրաժարվել կամ բացահայտ ասում է, որ քաղաքական այլ նախապատվություն ունի, վերադասը հորդորում է անձնագրի տվյալներից բացի ներկայացնել նաև ազատման դիմումը։ Ընդ որում, անձնագրային տվյալների հավաքագրումից բացի, ՊԵԿ ղեկավարությունն իր աշխատակիցներին յուրաքանչյուր ընտրատարածքում մատնացույց է անում նաև ՀՀԿ-ի այն ռեյտինգային թեկնածուին, որին պետք է ընտրել։ Պարզվում է, որ նույն ռեպրեսիվ մեթոդներով Վարդան Հարությունյանը աշխատել է «Գազմպրոմ Արմենիա»-ի տնօրենի պաշտոնում»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։