Ովքեր են 8-ամյա կրթությամբ փոխմարզպետի հովանավորները, և ինչու է նա լքել ՀՀԿ-ն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս Շիրակի մարզն ունեցավ երրորդ փոխմարզպետը. այդ պաշտոնում նշանակվել է Արթիկի նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանը: 8-ամյա կրթություն ունեցող փոխմարզպետին այդ պաշտոնում նշանակելու հարցում մեծ դերակատարություն ունեն Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարագյանը Կարապետյանի՝ «Հայռուսգազարդ»-ի տնօրեն եղած ժամանակ աշխատել է այդ համակարգում որպես Շիրակի մարզի ԳԳՄ տնօրեն: Ամենաուշագրավը, սակայն, մեկ այլ հանգամանք է. Վարագյանը լքել է ՀՀԿ-ն՝ անդամակցելով ՀՅԴ-ին, ավելին՝ ՀՅԴ ցուցակով ռեյտինգային ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրելով Շիրակի մարզում:
Պարզվում է՝ 59 տարեկան հասակում նոր միայն Վարագյանը հասկացել է, որ ՀՅԴ գաղափարախոսությունն իր համար ավելի հոգեհարազատ է, քան ՀՀԿ-ինը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու եք դուրս եկել ՀՀԿ-ից, նա ասել է. «Ոչ մի պատճառ չկա, հարազա՛տս»: Իսկ հարցին՝ միգուցե կուսակցության գաղափարախոսությունն է իրեն դուր եկել, նա ասել է. «Սա ավելի հարազատ է»»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: