Ձայնի «փոխարժեքն» աճում է. «դալալչիները» սպասում են, որ մեկ ձայնի կուրսը կհասնի 50 հազարի
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 2-ի նախաշեմին գոնե Երևանում նոր մասնագիտություն է ձևավորվել՝ ընտրական բրոքերի։ Թաղային «ակտիվիստները», որոնք դեռ մի քանի ամիս առաջ «բեսեդկեքում» «կարտ» էին խաղում, բրոքեր են դարձել և ցուցակները ձեռքներին, լուրջ դեմքով շրջում են հարևանների տներով, անձնագրային տվյալներ հավաքում, գումարներ խոստանում, մարդկանց վստահեցնում, որ փողերը կստանան ժամանակին։
Իհարկե, նրանք իրենց բրոքեր չեն անվանում, այլ՝ լիազորված անձ, և միայն այն մտքից, որ, ասենք, Սամվել Ալեքսանյանի կամ Արտակ Սարգսյանի ներկայացուցիչն են, ավելի կայտառ են վազում տնետուն։ Ամենաակտիվներին, որոնք 100 և ավելի ձայն կբերեն, նույնիսկ աշխատատեղ են խոստացել։ Յուրաքանչյուր ձայնի դիմաց նրանք առաջարկում են 10-20 հազար դրամ։
Բայց ձայնի «կուրսը» վերջին մի քանի օրում բարձրացել է, և նախընտրական շուկայում էլի սպասումներ կան։ Հնարավոր է՝ ձայնի կուրսը թռչի մինչև 100 դոլար, ահա ինչու ընտրողների հավաքագրումը դանդաղել է։ Սպասվում է, որ մեկ ձայնի գինը կհասնի մինչև 50 հազար դրամի։
Ահա ինչու այս շաբաթ ցուցակագրումների տեմպը փոքր-ինչ դանդաղել է, իսկ բրոքերները յուրօրինակ դալալչիներ են դարձել՝ ձայն առնող-ծախող, և չեն շտապում իրենց հավաքած «մարդկանց» տալ պատվիրատուին։ Նրանք ևս սպասում են՝ գուցե վերջին րոպեին փոխեն պատվիրատուին և ձայները տան նրան, ով ավելի մեծ գումար կխոստանա։ Առայժմ 50 ձայն բերող բրոքերին վճարում են 50 հազար, 100 ձայն բերողին՝ 100 հազար։ Այս գները ևս աճի միտում ունեն»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: