Մենք գնում ենք էվոլյուցիայի, զարգացման ճանապարհով. ՀՀԿ-ական պատգամավոր (տեսանյութ)
Այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակացության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը խոսեց ներքաղաքական իրավիճակի, առաջիկա ընտրությունների և դաշինքների մասին:
Ըստ նրա՝ այն ցուցակը, որը ներկայացրել է ՀՀԿ-ն, արդեն իսկ մեսիջ է փոխանցում: «Առաջինն այն է, որ ՀՀԿ-ն՝ նախագահի գլխավորությամբ գնում է դեպի պրոֆեսիոնալ խորհրդարան, որը կարող է լինել մեր պետական իշխանության դեմքը: Երբ չինացիները մեկին անիծում են՝ ասում են՝ «Թող լինի այնպես, որ ապրես հեղափոխությունների շրջանում: Այդպիսի բաներ եղել են 90-ականներին: Իսկ մենք գնում ենք էվոլյուցիայի, զարգացման ճանապարհով»,-պնդեց նա և հավելեց, որ իրենք տեսնում են, որ ՀՀԿ-ն չի ուզում կարծրանալ: Կուսակցությունը տեղ է տալիս նաև երիտասարդ կադրերին: Դա կարելի է տեսնել նաև ընտրացուցակում:
Հայկ Բաբուխանյանը նաև ընդգծեց, որ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին չի թերագնահատում:
«Իսկ որ ասում են՝ ՀՀԿ-ականները միմյանց դեմ են պայքարում, ես դրան, բնականաբար, համաձայն չեմ: Պարզապես ռեյտինգային ցուցակը թույլ է տալիս ավելի մանրակրկիտ ձևով ընտրություն կատարել», -ասաց բանախոսը:
Մանրամասները՝ տեսանյութում: