Տուգանքները չվճարելու համար ավելացումները հանում են
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նշանակված տուգանքը քաղաքացու կողմից սահմանված ժամկետում չվճարելու համար 25 և 50 տոկոսի չափով ավելացումների ինստիտուտը կվերանա մինչև այս տարվա հուլիսի 1-ը:
Այսպիսի դրույթ է ներառված «Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգում», որի նախագիծը կքննարկվի կառավարության առաջիկա նիստում: Մինչև 2014 թ. տուգանքն ուշացնելու դեպքում այն կրկնապատկվում, ապա եռապատկվում էր, բայց հանրային դժգոհությունների պատճառով իշխանությունը հրաժարվեց դրանից: Հիմա ոստիկանությունը կամովին որոշել է հրաժարվել նաև 25 և 50 տոկոս ավելացումներից: Ուշագրավն այն է, որ դա պետք է իրականացվի 2017թ. երկրորդ եռամսյակում, ինչը ենթադրում է օրենսդրական փոփոխություն:
Դրանից էլ ակնհայտ է դառնում, որ օրենսդրության մեջ համապատասխան փոփոխությունների վերաբերյալ քննարկումները կսկսվեն մինչև խորհրդարանական ընտրությունները և կունենան հանրային դրական արձագանք: Թերևս այստեղ է պետք փնտրել ոստիկանության` կամովին բարիանալու գաղտնիքը»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: