«ՀԱԿ»-ը դառը անալգին է առաջարկում մեր ժողովրդին, իսկ ամբողջ քաղաքական դաշտը զբաղվում է մեյմունությամբ. Արամ Մանուկյան
Այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խոսեց նախընտրական զարգացումների մասին:
Նրա խոսքով՝ բոլոր քաղաքական գործիչները դեռ օրեր առաջ փորձում էին ամեն ինչ անել, միայն թե հայտնվեն որևէ կուսակցության կամ դաշինքի ցուցակում: «Ում հետ, ոնց, ինչ պայմանով, ինչ սկզբունքով` կապ չուներ: Բոլորը մխրճվում էին, սակայն հասկացան հետո, որ արհեստական «վինեգրեդը» չի ձգում, դուրս եկան, փորձեցին ուրիշ կոալիցիաներ մտնել»,- ասաց նա:
Պատգամավորն ամենավատն բանը համարում է այն, որ չկար սկզբունք, այլ՝ ուղղակի նպատակ. հայտնվել պառլամենտում:
Վերջինս շեշտեց, որ անորակ, անգրագիտության խորհրդարան տանելու շքերթն ավելի է շատացել, իսկ ամբողջ քաղաքական դաշտը զբաղվում է մեյմունությամբ: «Միշտ էլ եղել է այս բանը, բայց հիմա մորեխի նման թռնում են տեղից տեղ, մենակ թե հայտնվեն այդ աթոռի վրա, ինչը շատ բացասական, վատ ու տխուր արդյունքների կբերի»,- պնդեց նա:
Նա նաև ընդգծեց, որ վատ է նաև այն, որ այս փուլում գաղափարական հայտեր չեղան, ոչ մի կուսակցություն չի ասում, որ ինքը ժողովրդավարություն, լիբերալիզմ է կառուցելու:
«Բոլոր քաղաքական ուժերն ասում են, թե ինչ են ուզում: Մրցույթ է, թե ով է ավելի լավն ուզում, բայց ոչ ոք չի ասում, թե ինչպես են դրան հասնելու: Իսկ միակը, որ բժշկի կեցվածքով դառը անալգին է առաջարկում մեր ժողովրդին՝ «Հայ ազգային կոնգրես»-ն» է»,-նշեց Արամ Մանուկյանը: