Արմեն Մարտիրոսյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ժամանակին Սեյրան Օհանյանի հրաժարականը պահանջելու մասին
Այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ կաշառքը դեռևս չեն բաժանում, վերջին 2-3 օրում են բաժանում:
Այն հարցին, թե ինչ գաղափար կա իրենց դաշինքի հիմքում, նա պատասխանեց, թե այն նույն հենքն է, որով իրենք համագործակցության գնացին ՀՅԴ-ի հետ 2009 թվականին, երբ վերջիններս էլ դեմ էին հայ-թուրքական արձանագրություններին: Այդ նույն հենքով էլ 2008 թվականին համագործակցում էին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, ապա քառյակի հետ:
««Ժառանգության» համար գլխավորը եղել է խնդիրը: Մենք ոչ թե անձերի հետ ենք համագործակցում, այլ՝ խնդրի շուրջ»,- պնդեց նա:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է մեկնաբանում այն, որ ժամանակին «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն «Ազատության» հրապարակում պահանջում էր Սեյրան Օհանյանի հրաժարականը, նա շեշտեց. «Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ Սեյրան Օհանյանը երկրի լավ ղեկավար կլիներ, հետո կատարում է իր քննադատական խոսքը: Հիմա սարքել եք հայոց պատմություն: Սեյրան Օհանյանն էլ կես նախադասությամբ է պատասխանել, և ես կարծում եմ, որ նրանք երկուսն էլ կոռեկտության շեմը պահել են»: