Փողից է կախված և այն, ինչ անում ենք, փողն է ընկած նույնիսկ մեր հարազատների հարաբերություններում
«Արծաթ սիրողը արծաթից չի կշտանալ, և ոչ էլ հարստություն սիրողը՝ եկամուտից. սա էլ է ունայն: Բարիքները շատանալիս՝ շատանում են նրա ուտողները…» (Աստվածաշունչ, Հին Կտակարան, Ժողովող, ԳԼ.Ե):
Այո՛, ճիշտ է, հարստության, փողի, եկամուտների, շահի աճի հետ համընթաց աճում են ծախսերը՝ բիզնեսի, շքեղության, պերճանքի, նույնիսկ զեխության:
Նրանց էլ չի հերիքում փողը, նրանք էլ են փողի կարիք զգում՝ պահանջներն են շատանում և սկսում է կուտակման մարմաջը:
Սակայն, նաև հիշել է պետք. «Սա էլ է մի վատ ցավ, որ բոլորովին ինչպես որ եկաւ այնպես էլ գնալու է, եւ նորան ի՞նչ օգուտ կայ, որ աշխատեց քամիի համար», (Աստվածաշունչ, Հին Կտակարան, Ժողովող, ԳԼ.Ե):
Այո՛, մերկ եկար, մերկ էլ գնալու ես և ոչինչ չես տանելու հետդ:
Բայց նաև մարդկության գրեթե ողջ պատմության ընթացքում ամեն ինչի հիմքում փողն է ընկած՝ շահը: Փողից է կախված և այն, ինչ անում ենք, և այն հանգամանքը, թե ինչ ենք մեզանից ներկայացնում, ինչ ենք ուզում, ինչ ենք ուզում դառնալ, փողից է կախված մեր աշխատանքը, մեր լավագույն ձգտումները: Փողն է ընկած նույնիսկ մեր հարազատների հարաբերություններում:
Դաժան է, սակայն դա է իրականությունը:
Ռոբերտ Մելքոնյան. ֆեյսբուք: