Ուրիշ ճար չունեն՝ մեզ պետք է ընտրեն. Բագրատյանը պնդում է, որ իր վարչապետ եղած տարինեին եղել է տնտեսական աճ և հաղթանակ (տեսանյութ)
Այսօր՝ փետրվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Ազատ դեմոկրատների» ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը խոսեց ներքաղաքական իրավիճակի, առաջիկա ընտրությունների և դաշինքների մասին:
Նրա խոսքով՝ իրեն պետք է ընտրեն, որովհետև իր վարչապետ եղած տարիներին տնտեսական աճ է եղել, ավելին` պատերազմական բոլոր հաղթանակաները՝ բացառությամբ Շուշի ազատագրումից, իր իշխանության օրոք են եղել:
«Մեզ պետք է ընտրեն, որովհետև ազատական մտածելակերպի մարդիկ ենք, ազատական մտածելակերպ նշանակում է, որ խոսելու է բիզնես ազատությունը, փոքր բիզնես են խրախուսելու, կտրուկ չափավորելու են խոշոր բիզնեսի աճ, որովհետև խոշոր բիզնեսով բիզնեսը չի աճում: Մեզ պետք է ընտրեն, որ կառավարությանը տեղը դնենք, որովհետև մեր լիազորությունների կեսը տվել ենք ԿԲ-ին, էրոզիայի ենք ենթարկում մեր երկիրը: Ուրիշ ճար չունեն՝ մեզ պետք է ընտրեն»,- պնդեց նա:
Անդրադառնալով քաղաքական դաշտում առկա ուժերին, վերջինս նշեց, որ ընդդիմության մեջ մրցակիցների անուններ չի տա, բայց պնդեց. «Կուզենայի խոսել ՀՅԴ-ից ու ՀՀԿ-ից: Բոլոր նրանք, ովքեր իրենց ընդդիմություն են հայտարարում՝ մենք այդպես էլ ընդունում ենք: Վաղը ՀՀԿ-ն կհայտարարի ընդդիմություն՝ մենք դա կընդունենք»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Նախկին վարչապետը, անդրադառնալով նաև «Հայկական վերածնունդ» կուսակացության կողմից առաջարկված ավանդների վերադարձի և բանակում 18 տարեկան երիտասարդների ծառայությանը դեմ լինելուն, շեշտեց. «Առաջնագծի հետ կապված ասեմ, որ ավելի վաղ ենք արտահայտել բանակը վերակառուցելու գաղափարը: Ես չեմ պատրաստվում այստեղ քննարկել ուրիշ կուսակցությունների կարծիքը: Բոլոր ռազմական հաջողությունները եղել են այն ժամանակ, երբ ես վարչապետ էի: Ես ինձ չեմ վերագրում, բայց այդ ժամանակ է եղել: Մենք կողմ ենք, որ բանակն անցնի վճարման հիմունքներով ծառայելու: Ավանդների վերադարձի մասին էլ ասեմ, որ այդ սխեման ձեռառնոցի է, մեկը երեսունի դիմաց ենք ավանդները վերադարձնում: Մենք պետք է հասկանանք, որ ավանդները պետական պարտք է, կառավարության այդ որոշումը ոչ մեկ չեղյալ չի հայտարարել: Մենք դեմ ենք մեկը երեսունի դիմաց վերադարձ կազմակերպել, հետո ասել՝ տեսե՛ք ժողովուրդ՝ ինչ ենք արել»:
Մանրամասները՝ տեսանյութում: