Նախագահը հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ (լուսանկարներ)
Հանրապետության Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ: Հավաքը նպատակ ունի Հանրապետության պաշտոնատար անձանց հետ հանդիպումների և դասախոսությունների միջոցով մասնակիցներին ծանոթացնել ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթություններին, ԶՈՒ զարգացման միտումներին, քննարկել պաշտպանության նախարարության և ՀՀ այլ ուժային կառույցների միջև փոխգործակցության հարցերը, իրականացնել փորձի փոխանակում, ինչպես նաև մասնագիտական հավաք-պարապմունքների միջոցով բարձրացնել ու կատարելագործել գեներալների, սպաների, քաղաքացիական հատուկ ծառայողների գիտելիքներն ու ունակությունները ռազմավարության, օպերատիվ արվեստի և զորքերի կառավարման, գործառութային պարտականությունների կատարման բնագավառներում, պաշտոնատար անձանց մոտ ձևավորել միասնական պատկերացումներ ու տեսակետներ բանակի մարտունակության և պետության պաշտպանունակության շարունակական բարձրացման հարցերում:
Նախագահ Սարգսյանը ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպմանը խոսել է Հայաստանի Հանրապետության հանրային և ազգային անվտանգության օրախնդիր հարցերի մասին, պատասխանել օպերատիվ հավաքի մասնակիցներին հետաքրքրող հարցերին: