Հարձակում «ԻՊ»-ի կողմից՝ թուրքական ռազմուժերի ժամանակավոր ռազմաբազայի վրա
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ այսօր առավոտյան թուրքական ժամանակով ժամը 09:10-ին, սիրիական Էլ-Բաբ քաղաքը պաշարած թուրքական զորքերի և սիրիական թուրքմեններից կազմված Սիրիայի ազատ բանակի (FSA) անդամների վրա եղել է հարձակում «ԻՊ»-ի զինյալների կողմից: Չնայած այն բանին, որ Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ն մանրամասներ չի հաղորդում հարձակումից, բայց հաջողվել է որոշ մանրամասներ պարզել:
Այսպես, թուրքական ռազմուժերի ժամանակավոր ռազմաբազայի վրա տեղի է ունեցել հարձակում: Պայթուցիկով բեռնված բեռնատարը փորձել է շրջանցել FSA-ի կողմից պահպանվող ռազմաբազան և մուտք գործել այնտեղ:
Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ընթացքում որկու կողմից էլ եղել են զոհեր՝ «ԻՊ»-ից զոհվել է 10, իսկ FSA-ից 8 զինյալ:
Այնուամենայնիվ «ԻՊ»-ի մահապարտներին հաջողվել է բեռնատարով մուտք գործել ժամանակավոր ռազմաբազայի տարածք և այն պայթեցնել, որի հետևանքով զոհվել են բեռնատարում եղած «ԻՊ»-ի մահապարտները, ամենայն հավանականությամբ երկու հոգի, և FSA-ի ևս յոթ զինյալ, թուրքական բանակի զինվորները չեն տուժել, սակայն ռազմաբազայում գտնվող զինտեխնիկայի մի մասը զգալի վնասվել է:
Հիշեցնեմ, որ Թուրքիան 2016թ. օգոստոսի 24-ից Սիրիայի տարածքում սկսել է իրականացնել ռազմական գործողություն, որն ունի պայմանական «Երկաթե Եփրատ» անվանումը: Թուրքական ուժերը և Սիրիայի ազատ բանակը (FSA) միասին իրականցնում են ինչպես «ԻՊ»-ի, այնպես էլ քրդական ռազմական միավորումենրի` YPG- և այլնի, դեմ պայքար:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք