Շվեդիայում մահացած 32-ամյա հայի գործով քննություն է ընթանում
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը երեկ արձագանքել է Շվեդիայում 32-ամյա հայ զբոսաշրջիկի մահվան դեպքի առթիվ ու նշել, որ դեպքի հանգամանքները պարզելու համար ՀՀ դեսպանությունը դիմել է Շվեդիայի իշխանություններին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք՝ 2017 թվականի փետրվարի 6-ին` Շվեդիայի Օրեբրո քաղաքում, ՀՀ քաղաքացի, Երևան քաղաքի բնակիչ, 32-ամյա Դավիթ Բարսեղյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, սակայն շվեդական ոստիկանության արհամարհական վերաբերմունքի պատճառով ՀՀ քաղաքացին մահացել է:
Այն բանից հետո, երբ Դավիթ Բարսեղյանի առողջական վիճակը կտրուկ վատանում է, նրա երկու ընկերները փորձել են նրան հիվանդանոց հասցնել, սակայն նրանց ճանապարհը փակել են տեղի ոստիկանները, նրանց իջեցրել ավտոմեքենայից: Այդ պահին, Դ. Բարսեղյանը կորցրել է գիտակցությունը, վայր ընկել ոստիկանների աչքի առաջ, որից հետո մի կերպ բարձրացել, հենվել սյանը և սկսել փսխել:
Այդ ընթացքում նրան ուղեկցող երկու տղամարդիկ անընդհատ նշել են, որ շտապօգնություն կանչեն, քանի որ մարդը շատ վատ է զգում, սակայն նրանք չեն կանչել, անգամ չեն թողել, որ ընկերները մոտենան և օգնեն: Հնչեցրել են հայհոյանքներ, բռնել ձեռքերից և տարել ոստիկանության բաժնի մեկուսարան, որտեղ նույնպես որևէ բուժաշխատող չեն հրավիրել: Շուրջ մեկ ժամ մնալով անօգնական վիճակում` Դ. Բարսեղյանը մահացել է:
Ոստիկանությունը փորձել է կոծկել դեպքը, սակայն, այն բանից հետո, երբ այնտեղ գործող փաստաբան Մարկ Սաֆարյանը և տեղական լրատվամիջոցներն աղմուկ են բարձրացրել, ոստիկանների հանցավոր անգործության համար, դատախազը քրեական գործ է հարուցել:
Ներկա պահին հարազատները մտավախություն ունեն, որ այդ քրեական գործը կտարվի փակուղի, և դեպքը կկոծկվի: Նշենք, որ Դավիթ Բարսեղյանը Շվեդիայում էր գտնվում ընդամենը 4 օր:
Ընթանում է քննություն։