Ոլորտում նախատեսվող ծրագրերը նոր թափ կհաղորդեն ինտեգիացիոն միավորման զարգացմանը. ՌԴ տրանսպորտի նախարարը՝ ՀՀ վարչապետին
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տրանսպորտի ոլորտի ղեկավար կազմին, ովքեր Հայաստան են ժամանել ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:
ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն ընդգծել է, որ անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների միջև տրանսպորտի ոլորտի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների, որոշումների կատարման ընթացքին, ինչպես նաև նոր գաղափարների իրականացման հնարավորություններին, որոնք կնպաստեն տրանսպորտային հաղորդակցությունների սահմանափակումների վերացմանն ու միավորմանը: Սոկոլովի խոսքով՝ ոլորտում նախատեսվող ծրագրերը նոր թափ կհաղորդեն ինտեգիացիոն միավորման զարգացմանը, տնտեսական կապերի խորացմանը: ՌԴ տրանսպորտի նախարարն ընդգծել է, որ առաջիկայում քայլեր են ձեռնարկվելու ԵԱՏՄ երկրների բոլոր մայրաքաղաքների միջև օդային ուղիղ կապի ապահովման ուղղությամբ, ինչը կխթանի նաև զբոսաշրջության զարգացմանը:
Վարչապետ Կարապետյանը ողջունել է ԵԱՏՄ շրջանակում տրանսպորտի ոլորտում նոր ծրագրերի իրականացումը և խորհրդակցության մասնակիցներին մաղթել հետագա արդյունավետ աշխատանք: