Վարչապետն ընդունել է ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի ղեկավար կազմին (լուսանկարներ)
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տրանսպորտի ոլորտի ղեկավար կազմին, ովքեր Հայաստան են ժամանել ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ նրանց այցը Հայաստան և տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությունը նոր խթան կհանդիսանան այս ոլորտում համագործակցության զարգացմանը: «Որպես ԵԱՏՄ անդամ պետություն՝ հատուկ նշանակություն ենք տալիս տրանսպորտային շուկայի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Համաձայնեցված քաղաքականության իրականացումը պետք է նպաստի երթուղիների զարգացմանն ինչպես միության ներսում, այնպես էլ ԵԱՏՄ-ն կապի երրորդ երկրների հետ: Այս ոլորտում համատեղ ջանքերը կնպաստեն մեր տնտեսությունների մրցակցության բարձրացմանը»,- ասել է վարչապետը:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ադամկուլ Ժունուսովը նշել է, որ քննարկվել են ԵԱՏՄ երկրների միջև տրանսպորտային քաղաքականությանը, ենթակառուցվածքների զարգացմանը, միասնական տրանսպորտային տարածքի և միասնական տրանսպորտային ծառայությունների ձևավորմանը վերաբերող մի շարք հարցեր: