Կառավարությունը մարզերի հրատապ խնդիրների լուծման նպատակով կհատկացնի 5 միլիարդ դրամ
Կառավարությունում հանրապետության մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ որոշում է կայացվել պահուստային ֆոնդից մարզերին հատկացնել 5 մլրդ դրամ՝ հրատապ խնդիրների լուծման նպատակով:
Անդրադառնալով մարզերից ստացվող ներդրումային ծրագրերին՝ վարչապետը նշել է, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը հանձնարարված է յուրաքանչյուր օր զեկուցել հավանության արժանացած ծրագրերի իրականացման գործընթացի մասին: «Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել բիզնես օղակի վրա: Դա է մեր երկրի, մեր մարզերի զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը»,- ասել է կառավարության ղեկավարը:
Կարևորելով գյուղատնտեսության զարգացումը մարզերում՝ վարչապետն անհրաժեշտ է համարել ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, ֆերմերների շարունակական վերապատրաստումն ու ուսուցումը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Կարապետյանը նշել է. «Ցանկանում եմ, որ բոլորս գիտակցենք՝ մենք պետք է ձևավորենք ռեգիոնալ կառավարման համակարգ և կառավարման մշակույթ: Երբ մարզն ու համայնքն ունենան զարգացման ծրագիր՝ քայլ առ քայլ շարժվելու ենք առաջ: Չափազանց կարևոր են մարզերի զարգացման ծրագրերը, խնդրում եմ՝ հոգի դնել դրանց իրականացման գործում»: