ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է նախորդ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումները
2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է նախորդ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ վարույթում քննված քրեական գործերը, վեր հանել ընտրախախտումներին նպաստող հանգամանքները և դրանց վերաբերյալ միջնորդագիր ուղարկել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Ուսումնասիրությունների համաձայն՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները եղել են տարաբնույթ և վերաբերել ընտրությունների անցկացման տարբեր ընթացակարգերին, որոնք գործնականում կապված են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և անդամների կողմից օրենսդրության ոչ հստակ իմացության, դիտորդների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, ընտրողների ինքնության ստուգման և գրանցման գործընթացի ոչ պատշաճ կազմակերպման, ինչպես նաև` հանձնաժողովի անդամների անփույթ աշխատաոճի հետ: Նման դեպքերը ստեղծում են պայմաններ և նպաստում հանցագործությունների կատարմանը:
ԿԸՀ նախագահը 08.02.17թ.գրությամբ տեղեկացրել է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատշաճ իրազեկումն ապահովելու նպատակով նախաձեռնել է իրազեկման լայնածավալ աշխատանքներ, իսկ 2017 թվականի մարտին կայանալիք տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման դասընթացների շրջանակներում քննարկման առարկա կդառնան ՀՀ ՔԿ նախագահի միջնորդագրով ներկայացված խնդիրները: