Ադրբեջանի ղեկավարությանը վաղուց հարկ էր ընթերցել ՄԱԿ Կանոնադրությունը, որպեսզի իր անգրագիտության թմբկահարմամբ ծաղրանքի առարկա չդառնա. Շավարշ Քոչարյան
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի այսօրվա զավեշտալի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
«Այն փաստը, որ մեկ դար էլ չկա, ինչ Ադրբեջան պետությունը հայտնվել է աշխարհի քարտեզի վրա, չի կարող արդարացում հանդիսանալ Ադրբեջանի ղեկավարության կողմից միջազգային իրավունքի հիմնարար նորմերի չիմացության համար:
Հարկ է ևս մեկ անգամ հիշեցնել, որ ՄԱԿ Կանոնադրությամբ ինքնորոշված սուբյեկտի կարգավիճակը որոշվում է նրա ժողովրդի կողմից, իսկ պետության տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովրդի ինքնորոշման իրավունքին:
Ադրբեջանի ղեկավարությանը վաղուց հարկ էր ընթերցել ՄԱԿ Կանոնադրությունը, որպեսզի իր անգրագիտության թմբկահարմամբ ծաղրանքի առարկա չդառնա, և հաշտվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հեռանկարի անխուսափելիության հետ»,- նշել է Շավարշ Քոչարյանը: