Նման լկտի հարցին Լավրովն ասել է այն, ինչն առաջ էլ էր ակնհայտ. Շավարշ Քոչարյան
Այսօր՝ հունվարի 19-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն անդրադառնալով Արցախի հետ կապված ադրբեջանցի լրագրողի հարցին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի պատասխանին, նշեց, որ այդ աստիճան բացահայտ արտահայտությունը պայմանավորված է եղել ադրբեջանցի լրագրողի ոչ տեղին հարցով։
«Սովորաբար, Ղարաբաղի հարցով միջնորդ երկրների բարձրաստիճան անձինք զուսպ են արտահայտվում։ Բայց, նման՝ պարզապես լկտի հարցին, Լավրովն ասել է այն, ինչն առաջ էլ էր ակնհայտ, պարզապես դրա մասին այդքան բաց չէին խոսում»,- ասաց նա:
Շավարշ Քոչարյանի խոսքով՝ պետք չէ մտածել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումն ինչ-որ ձևով փոխվել է, այլ, պարզապես ամբողջական բարձրաձայնվել է։