Ինչո՞ւ մարդկությունը չի տնքում. Էդուարդ Հովհաննիսյան
«Մարդիկ, անշուշտ, տնքում են: Տնքում են ամենքն իր համար, տնքում են սեփական ցավից. տնքում են չիրականացած երազների համար, տնքում են չբավարարված ցանկություններից, երջանկության կարոտից, բայց տնքում են առանձին-առանձին, բայց ոչ միասնաբար, տնքում են մարդիկ, բայց ոչ մարդկությունը: Մինչդեռ հավաքական ցավը կազմված չէ առանձին ցավերի գումարից. նա ավելին է. նա բոլորի ճակատագիրը ընդգրկող է, նա բոլորի ցավերի աղբյուրն է: Ճիշտ այդ համընդհանուր տնքոցը, մարդկության տնքոցը մենք չենք լսում կամ այն պարզ պատճառով, որ համամարդկային ցավ հասկացությունը շինծու է և հակաբնական և կամ էլ մենք բոլորս այնքան ենք բթացել ու հիմարացել, որ չենք զգում ու չենք հասկանում, թե որտեղից է գալիս մեր անհատական ցավը և մեր տառապանքը:
Այնքան անհամեստ չլինենք, որ ասենք, թե մենք գիտենք համընդհանուր այդ ցավի աղբյուրը, բայց այնքան էլ համեստ չլինենք, որ պնդենք, թե այդ մասին ոչինչ գիտենք:
Նախ մենք գիտենք, որ մարդու անհատական ցավերի մեղքը ամբողջովին կրում է ինքը՝ անհատը, որովհետև բնությունը բոլոր ցավերը ստեղծել է կյանքը շարունակելու և կյանքի համար պայքարելու նպատակով: Եվ այդ իմաստավորված ցավից մարդը ոչ միայն չի տառապում, այլ ընդունում է որպես կյանքին մաս կազմելու երջանկություն: Տառապանքը գալիս է անիմաստ ցավից, որովհետև բոլոր անիմաստ ցավերը ծնվում են անհատի մեղքով և այդ մեղքի բուն էությունը բնական ճանապարհից շեղումն է. այսինքն եթե նա չշեղվեր՝ ցավ չէր ունենա: Օրինակ՝ մի կին պատահական մատը կտրելուց, կամ սայթաքելուց վայր ընկնելուց, իրավացիորեն տառապում է, որովհետև եթե զգույշ լիներ՝ մատը չէր կտրի և վայր չէր ընկնի: Բայց տասնապատիկ ավելի ուժեղ ցավերից, որոնք ունենում է ծննդաբերության ժամանակ, ոչ միայն հոգեկան տառապանք չի ունենում, այլ ընդունում է այդ ցավերը մայր դառնալու երջանկությամբ:
Սա նշանակում է, որ մենք գիտենք նաև մեկ ուրիշ կարևոր ճշմարտություն. մենք գիտենք, որ բուն տառապանքի աղբյուրը մեր կատարած սխալներն են, իսկ նրանցից առաջացած մեր ցավերի դարմանումը՝ կատարած սխալների զղջանքն է:
Եվ այա մենք կանգնում ենք մի դժվարին հարցի պատասխանները որոնելու առջև. իսկ որո՞նք են մեր անհատական և հավաքական սխալները, որոնց համար մենք պետք է անհատապես և հավաքականորեն զղջանք»:
(շարունակելի)
Արթուր Եղիազարյան. ֆեյսբուք: