ՀԷ՞Կ-ն ուր կորավ․ Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը այլևս տնտեսական կյանքի օրակարգում չէ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը այլևս մեր տնտեսական կյանքի օրակարգում չէ: Արդեն երկրորդ տարին է, ինչ կառավարությունը Մեղրիի ՀԷԿ-ին վերաբերող որևէ դրույթ չի ներառում իր գործունեության շրջանակները ուրվագծող փաստաթղթերում:
Այլ կերպ ասած, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագիրը կատարյալ մոռացության է մատնվել: Այնինչ դրա իբր շինարարության մեկնարկը Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տրվել է դեռ 2012 թ. նոյեմբերին: ՀԷԿ-ի շինարարությունը պետք է տևեր 5 տարի և ավարտվեր այս տարի: Անհրաժեշտ ներդրումները` մոտ 325 միլիոն դոլար, պետք է աներ իրանական կողմը: Տարեկան այդ ՀԷԿ-ը պետք է արտադրեր մոտ 800 միլիոն կվտ ժամ էլէներգիա, որը մեր ընդհանուր տարեկան էներգաարտադրության 10 տոկոսից ավելին է:
Շահագործման հանձնվելուց հետո, ըստ ծրագրի, ՀԷԿ-ը պետք է 15 տարի շարունակ էլէներգիան արտահաներ Իրան, իսկ դրանից հետո այն պետք է անհատույց փոխանցվեր Հայաստանի Հանրապետությանը: Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության հարցը չի քննարկվել անգամ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի` անցած տարվա դեկտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ: ՀՀ կառավարությունը վերջերս հաստատեց 2017 թվականի գործունեության ծրագիրը, որում նույնիսկ ակնարկ չկա այս ծրագրի մասին»։
Մանրամասները` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: