Ադրբեջանը նոր մարտավարություն է որդեգրել
Մենք պետք է հստակ գիտակցենք, որ Հայաստան-Ադրբեջան, ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում հակամարտող կողմերի մարդկային կորուստների թվաքանակի նվազեցման կամ բացառման հարցում պաշտոնական Բաքուն ոչ միայն առաջիկայում չի ձեռնարկելու գործնական քայլեր, այլև որդեգրել է հայկական կողմին կայուն մարդկային կորուստների պատճառման մարտավարություն:
Եվ այս հարցում միջազգային հանրության կողմից ընդունվող իրավաքաղաքական փաստաթղթերը, ինչպես ցույց է տալիս իրականությունը, որպես կանոն, անարդյունավետ են, քանի որ չեն ենթադրում հստակ պատժամիջոցների մեխանիզմներ:
Ադրբեջանական կողմն այստեղ խնդիր չի հետապնդում հակառակ կողմին պատճառել տվյալ ժամանակահատվածում հստակ թվաքանակի մարդկային կորուստներ, այլ խոսքն ավելի շուտ գնում է հայկական կողմի մոտ զոհերի կայուն արձանագրման հարցի հետ կապված կոլեկտիվ սոցիալ-հոգեբանական բացասական ֆոնի, իսկ հետագայում նաև` հնարավոր բարդույթների ձևավորման մասին:
Նման սոցիալ-հոգեբանական խնդիրները, որպես կանոն, հակում ունեն կուտակման, որն էլ հետագայում կարող է նախադրյալ ստեղծել հասարակությունում սոցիալական ու հասարակական ագրեսիայի ձևավորման ու ինքնարտահայտման համար:
Մեզ համար պաշտպանական անվտանգության տեսանկյունից առաջնակարգ նշանակություն ունի հարաբերական խաղաղ պայմաններում հակառակորդի կողմից սահմանագծում մարդկային կորուստների բացառման մեխանիզմների ու մարտավարության մշակումը:
Այնքան էլ միանշանակ չէ, որ շփման գոտու` արդիական տեխնիկական միջոցներով պաշտպանությունը կարող է լինել լիարժեք և հնարավորություն տա խոսելու մարդկային կորուստների բացառման մասին:
Հայկական կողմի զոհերի բացառման մարտավարությունը թերևս պետք է հիմնվի մարդկային կապիտալի կամ պոտենցիալի արդյունավետ կիրառության հարցերի վրա, ինչպիսիք են զինվորական անձնակազմի մասնագիտական-մարտական պրոֆեսիոնալիզմը, զինվորականի վարքականոնի հետ կապված բարոյահոգևոր դաստիարակության հարցերը, զինվորականության կրթական ու կանոնադրական բազայի կիրառության արդյունավետության ապահովումը և այլն:
Անհրաժեշտ է հնարավորինս արագ ու արդյունավետ հակաքայլեր ձեռնարկել հակառակորդի կողմից մեր մարդկային ռեսուրսների «սպառման» մարտավարության չեզոքացման ուղղությամբ, այլապես այն հղի է հասարակությունում բացասական սոցիալ-հոգեբանական և այլ բնույթի դրսևորումներով:
Կարեն Վերանյան. Ֆեյսբուք