ՎԶԵԲ-ը պատրաստակամ է զարգացնել համագործակցությունը ՀՀ վարչապետի մատնանշած ուղղություններով. Ֆրանս Վիկերս
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի անդամ, հոլանդական խմբի ղեկավար Ֆրանս Վիկերսին:
Ֆրանս Վիկերսը նշել է, որ Հայաստանը և ՎԶԵԲ-ը երկարամյա հաջող համագործակցության փորձ ունեն, որի շրջանակում բազմաթիվ համատեղ ծրագրեր և նախաձեռնություններ են իրականացվել: Նա ողջունել է ներկա տնտեսական իրավիճակում ՀՀ կառավարության՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու մասնավոր ներդրումների խթանմանն ուղղված քայլերը, կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ծրագրերը:
Ֆրանս Վիկերսը խոստումնալից է համարել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ու ներդրումային հիմնադրամի ստեղծման նախաձեռնությունները և նշել, որ ՎԶԵԲ-ը պատրաստակամ է զարգացնել համագործակցությունը ՀՀ վարչապետի մատնանշած ուղղություններով:
Զրուցակիցները քննարկել են նաև ՎԶԵԲ-Հայաստան գործընկերության ընթացիկ ռազմավարությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում պետական ու մասնավոր ձևաչափով իրականացվող ծրագրերին: