Չափազանց կարևորում եմ, որ դուք Հայաստանի զարգացման վերաբերյալ մեր պատկերացնումները հասցնեք այն երկրներին ու կառույցներին, որոնք ներկայացնում եք. վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հանդիպել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների հավատարմագրված դեսպանների, միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներին ու ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության գործունեությանը, բարեփոխումների օրակարգին, տնտեսական զարգացման ծրագրերին, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումներին և քայլերին:
Վարչապետը կարևորել է դիվանագիտական կորպուսի հետ նման ձևաչափով պարբերական հանդիպումների անցկացումը՝ համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով և նշել, որ կառավարությունը բաց է խորհուրդների, քննադատության, առաջարկությունների համար:
«Չափազանց կարևորում եմ, որ դուք Հայաստանի զարգացման վերաբերյալ մեր պատկերացնումները հասցնեք այն երկրներին ու կառույցներին, որոնք ներկայացնում եք: Համագործակցությունից ակնկալիքներն ու սպասումները չափազանց մեծ են՝ սկսած ներդրողներից, մասնագիտական մշակույթից, տուրիզմից, որովհետև մենք, առանց հանրությանը, առանց աշխարհին համապատասխան ազդակներ հղելու, առանց ցույց տալու, որ բաց ենք և սպասում ենք իրենց, մեր երկիրը չենք կարողանալու զարգացնել: Այս առումով, մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը»,- ասել է Կարեն Կարապետյանը: