Մենք հաճախ խոսում ենք, որ Հայաստանում չկա խտրականություն, սակայն դա այդպես չէ. «Սինջար» ՀԿ-ի ղեկավար
Այսօր՝ հունվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սինջար» ՀԿ-ի ղեկավար Բորիս Մուրազին խոսեց Հայաստանում խառն ամուսնությունների և հանրության վերաբերմունքի, արձագանքների, «Մարաշլյան» ֆոտոստուդիայի լուսանկարի շուրջ:
Բորիս Մուրազի խոսքով՝ տարիների ընթացքում առաջխաղացումներ են նկատվում և հենց այն փաստը, որ իրավապաշտպանները հետաքրքրվում, պաշտպանում են տարբեր խմբերի իրավունքները, ներկայացնում նրանց շահերը, արդեն վկայում է դրա մասին:
«Այս առաջխաղացումը ոչ թե պետության և իշխանության շնորքն է, այլ այն մարդկանց, ովքեր չեն վախենում խոսել այդ խնդիրների մասին»,- ասաց Բորիս Մուրազին:
Նրա պնդմամբ՝ եզդիական համայնքում, այս խնդիրը դրված է կրոնական հողի վրա և ըստ կրոնի՝ արգելվում է արտահամայնքային ամուսնությունները, այսինքն՝ այս խնդիրը համայնքում էլ կա և քանի որ կրոնական է, ապա պետք է կրոնավորները մտածեն և հասկանան, թե ինչ բարեփոխումներ անելու կարիք կա:
Անդրադառնալով «Մարաշլյան» ֆոտոստուդիայի լուսանկարի շուրջ ծագած խոսակցություններին, նա նշեց, որ սա լավ առիթ էր հասկանալու համար, թե մեր հանրության մեջ ինչ իրավիճակ է տիրում:
«Մենք հաճախ խոսում ենք, որ Հայաստանում չկա խտրականություն, ինչն իրականում այդպես չէ և սա հստակ ինդիկատոր է, որը ցույց տվեց, թե հանրությունն ինչ վիճակում է և ինչ անելիքներ կան»,- ընդգծեց նա: