Դա կեղտոտ սադրանք է. Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսի նախագահը՝ ադրբեջանական լրատվամիջոցում հրապարակված հարցազրույցի մասին
Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսի նախագահ Աշոտ Ավանեսյանն ադրբեջական լրատվամիջոցներում հրապարակված հարցազրույցի հետ կապված ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանություն է թողել: Նա մասնավորապես գրել է.
«Հունվարի 9-ին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակվել է իբր ինձ հետ արված հարցազրույց, որտեղ նշվել են բացարձակ կեղծ դրույթներ: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա կեղծ հարցազրույց է, դա կեղտոտ սադրանք է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) և Հայաստանի Հանրապետության անկախությունն ու անվտանգությունը ցանկացած հայի համար եղել է, կա և կլինի բարձրագույն արժեք՝ անկախ նրա ծննդավայրից կամ բնակավայրից: Միայն նշված պայմանների ապահովման դեպքում է հնարավոր հակառակորդ կողմի հետ հետագա փոխզիջումների մասին խոսել: Շատ կուզենայի հասկանալ, թե ինչու և ում է անհրաժեշտ այդ կեղծ լրատվությունը, որի մասին ամենևին տեղյակ չեմ: Եվ ամենակարևորը՝ ես ծնվել եմ Վարդաշենի շրջանի հայկական Ջալուդ գյուղում և իմ ազգանունն Ավանեսյան է »: