2017թ-ին Թուրքիա-Վրաստան տանդեմի կապերը նոր որակ կստանան
Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն հունվարի 9-ին պաշտոնական այցով կժամանի Թուրքիա: Այցի ընթացքում Ջանելիձեն հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի և Թուրքիայի իր պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուի հետ:
Կողմերը կքննարկեն ընթացիկ հարցեր, այդ թվում՝ բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության վրաց-թուրքական խորհրդի աշխատանքը: Կարծարծվեն նաև երկու երկրների արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտի գերակայությունները:
Երկօրյա այցի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարարը կմասնակցի Թուրքիայի դիվանագիտական կորպուսի տարեկան հանդիպմանը, որտեղ ելույթ կունենա թուրք դիվանագետների առջև:
Անկարայի ու Թբիլիսիի համագործակցությունն ընդգրկում է բոլոր ոլորտներն ու 2017թ.–ը առանցքային է լինելու երկու պետությունների հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։ Ավարտին է հասցվելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին` դա զբոսաշրջային, տարանցման, ապրանքաշրջանառության մեծացման համար նոր հնարավորություններ է ստեղծելու։ Բացի այդ, Հարավային գազային միջանցքի կյանքի կոչման շնորհիվ`կասպիական գազն ու նավթը Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա միջանցքով դուրս է գալու եվրոպական և այլ շուկաներ։
Դրան զուգահեռ, Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան նպատակ ունեն ընդլայնեն համագործակցությունը նաև ռազմական ոլորտում։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նախորդ տարի Գաբալայում հայտարարել է, որ առաջիկայում Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն:
Էներգետիկայի, տրանսպորտի, լոգիստիկայի առումով Թուրքիան ու Վրաստանը զգում են միմյանց կարիքը` Վրաստանը Թուրքիայի «պատուհանն» է դեպի Կովկաս, Ադրբեջան ու թյուրքախոս Միջին Ասիա, իսկ ի դեմս Թուրքիայի Վրաստանն ունի հզոր տնտեսական գործընկեր, 80 միլիոնանոց շուկայով երկիր, որը ներդրումների առումով առաջատարն է` Ադրբեջանի հետ մեկտեղ, վրացական տնտեսության տարբեր ճյուղերում։
Թբիլիսին հաշվի է առնում նաև թյուրքական` Քվեմո–Քարթլիի տարածաշրջանը գրեթե ամբողջությամբ ադրբեջանաբնակ է, ինչպես նաև իսլամական գործոնը` Աջարիա, Պանկիսիի կիրճ և այլն Անկարայի հետ հարաբերություններ կառուցելիս։ Սակայն Ջավախքում թյուրքական գործոնի ուժեղացումը, ներդրումների, դեմոգրաֆիկ էքսպանսիան զուգահեռ պետք է անհանգստացնի Վրաստանին` այդ տարածաշրջանի կրոնական-էթնիկ դեմքի փոփոխությունը Վրաստանի հարավային սահմանների երկայնքով `Բաթումիից մինչև վրաց-ադրբեջանական սահման թյուրքական–մահմեդական միջանցք է ստեղծելու`դրանից բխող հետևանքներով։
Այդ թյուրքական միջանցքը ձգվելու է ՀՀ-ի հյուսիսային սահմանների երկայնքով և դա նույնպես պետք է մտահոգի Երևանին` դա սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության ու կոմունիկացիաներին, որոնցից հիմնականներն անցնում են ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիով, իսկ մյուսը` Ջավախքով, որտեղ աստիճանաբար թյուրքական գործոնը վճռորոշ է դառնում։
Հավելենք, որ Թուրքիան Վրաստանի առևտրային գործընկերների թվում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Ապրանքաշրջանառությունն անցնում է մեկ միլիարդի սահմանը։ Վրաստանի ՆԱՏՕ-ական, եվրաատլանտյան ուղենիշը նույնպես ազդելու է` տնտեսական տրամաբանությունից բացի, Թուրքիա-Վրաստան հարաբերությունների ամրապնդման վրա։
Արտյոմ Բալասանով. Ֆեյսբուք