Մարտակերտում մեկնարկեց ձմեռային առաջին զորակոչը (լուսանկարներ)
Այսօր` դեկտեմբերի 9-ին Մարտակերտի տարածքային զինկոմիսարիատում մեկնարկեց ձմեռային առաջին զորակոչը:
Նորակոչիկներին բանակ ճանապարհելու առիթով կազմակերպված էր հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանը, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ռադիկ Առուշանյանը, Մարտակերտի N զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ալիկ Սարգսյանը, Մարտակերտի տարածքային զինկոմ Արմեն Շիրինյանը:
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը: Նա խոսեց այսօրվա զինվորի խիզախության մասին, խոսեց Հայոց բանակի զինվորը դառնալու պատրաստակամությունից, և անչափ կարևոր համարեց նաեւ վաղվա զինվորի անելիքները: Այնուհետև ելույթ ունեցավ Մարտակերտի N զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ալիկ Սարգսյանը, ով եւս կարեւորեց բանակի դերն ու նշանակությունը, խոսեց բանակային առօրյայի մասին:
Ելույթով հանսես եկավ Արցախյան պատերազմի 2 զոհված ազատամարտիկի հայր Ռաֆիկ Բաբայանը: Նա իր խոսքում նաև հորդորեց բոլոր մայրերին, որ ուրախ ճանապարհեն իրենց որդիներին, քանզի որոշ ժամանակից նրանք են լինելու հայրենիքի պաշտպանները, իսկ հայրենիքի պաշտպանը պետք է խրոխտ կանգնի առաջնագծում:
Միջոցառման վերջում զորակոչիկներին օրհնանքի խոսք ասաց Մարտակերտի Սուրբ Կարապետ Եկեղեցու քահանա Տեր Բարսեղ Անդրյանը:
Միջոցառումը վարում էր Արցախյան պատերազմի ազատամարտիկ Նիկոլայ Ավագիմյանը: Զորակոչիկներին եկել էին բանակ ճանապարհելու նրանց մայրերը, հայրերը, քույրերը, եղբայրները...
Հիրավի, հաջողություն մաղթեցինք և երգ ու երաժշտության ներքո ՊԲ շարքերը համալրելու ուղարկեցինք շրջանի զորակոչիկների առաջին երթին:
«Ոչ մի ընկճում, ոչ մի արցունքոտ աչքեր»,- այս է հորդորը մեր մայրերին... Թող այսուհետ ձեր աչքերում լինեն միայն ուրախության արցունքներ:
Թող որ ուրախությամբ ճանապարհենք մեր որդիներին և այդպես էլ ուրախությամբ դիմավորենք նրանց` 2 տարի հետո: Մաղթենք, որ անփորձանք լինեն, որն ամենակարեւորն է:
Բարի ճանապարհ, բարի ծառայություն, բարի վերադարձ մեր զորակոչիկներին:
Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթ. ֆեյսբուք: