Հայաստանում ժողովուրդը պետական պաշտոնյային չի ընդունում որպես բարեկամ կամ բարերար, այլ՝ հակառակը
Երևի բոլորրովս արդեն մոռացել ենք որ Սովետի ժամանակ արդյունաբերական ձեռնարկությունները պետությանն էին պատկանում և բանվորն ու ինժեներն ինչ ձեռքներն ընկնում էր գողանում տուն էին տանում անկախ նրանից դա տան համար պիտանի բան էր թե չէ։ Համարվում էր, որ պետության ապրանքն ուտելը հանցանք չէ։ Կարևորը դատարկ ձեռքով տուն չգնալ։ Այդպես ժողովրդին սովորեցրեցին մանր գողության։ Դա ձեռնտու էր սիստեմին, որովհետև ցանկացած մեկին հանգիստ ուզածդ պահին կարող էին բանտ նստեցնել այդ մանր գողության համար։ Այսինքն՝ ողջ ժողովրդին այդ ճանապարհով պահում էին համընդհանուր վերահսկողության տակ։
Հիմա չկան կամ էլ շատ քիչ են պետական ձեռնարկությունները, սակայն, ցավոք, սրտի նախկինից եկող այդ վերաբերմունքը որ պետությունից թռցնելը գողություն չէ շատերի մոտ է մնացել արմատացած և հենց այդ մոտեցմամբ են վերաբերվում պետությանը։ Դե Աստված էլ տվել ու չի խնայել մեր պետական ապարատի աշխատողներին, իհարկե վերևներին նկատի ունեմ, ովքեր իրենց վարք ու բարքով այնպես են արատավորել պետություն հասկացողությունը, որ ժողովուրդը թարս աչքով է նայում պետությանը։
Ասածս այն է, որ Հայաստանում պետությունը չի համարվում ժողովրդի սիրելին, ժողովուրդը, ի դեմս պետության ու պետական պաշտոնյային, չի տեսնում իր բարեկամին ու իր բարերարին, այլ լրիվ ընդհակառակը։
Պետության վարկը ժողովրդի աչքում ահավոր ցածր է և սա մեր դժբախտություններից մեկն է։ Ինչպես պիտի սա հաղթահարվի ես չգիտեմ, ելք ու լուծում չեմ տեսնում այս հարցում։
Համլետ Աբրահամյան. ֆեյսբուք: