Նոր սկանդալ. «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրենին ծեծի ենթարկողը երկրի նախագահի նախկին թեկնածուի որդին է
Ռաթի Գաչեչիլաձեն` Վրաստանի նախագահի նախկին թեկնածու Լևան Գաչեչիլաձեի որդին, խոստովանել է, որ մասնակցել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի վրա կազմակերպված հարձակմանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Գաչեչիլաձեի ֆեյսբուքյան գրառումը:
«Այն, ինչ տեղի է ունեցել ռեստորանում, իմ պատասխանն է այն ֆիզիկական և բարոյական վիրավորանքներին, որը ես ու իմ ընտանիքը ստացել ենք վերջին մի քանի տարիների ընթացքում Գվարամիայից և ոչ միայն նրանից»,-գրել է նա:
Գաչեչիլաձեն ասել է, որ բացի իրենից միջադեպին ոչ ոք չի մասնակցել:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել կապված հարձակման հետ: Հարուցվել է քրեական գործ` համաձայն Վրաստանի քրեական օրենսգրքի 126 կետի (բռնության դրսևորումներ):
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք Վրաստանի «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի վրա կազմակերպված հարձակման մասին: