ԱԺ-ում կքննարկվի խաղատների տարեկան տուրքը ավելացնելու հարցը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 22-ին կառավարությունն Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է հրավիրելու: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 21-ի նիստի օրակարգում: ԱԺ արտահերթը խոստանում է բավական հետաքրքիր լինել:
Կառավարությունն արտահերթ նստաշրջան է հրավիրում՝ քննարկելու Պետական տուրքի մասում օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկում է վիճակախաղերի և ինտերնետային շահումով խաղերի կազմակերպման համար տարեկան տուրքը՝ գործող բազային տուրքի 100.000-ապատիկի չափը, փոխարինել 500.000-ապատիկով: Այսինքն, նախատեսվում է խաղատների համար սահմանված տարեկան տուրքը 5 անգամ բարձրացնել և 100 մլն դրամից դարձնել 500 մլն դրամ:
Այս փոփոխություններն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնեն 2017թ. հունվարի 1-ից: Ֆինանսների նախարարությունից մեկնաբանեցին, որ փոփոխությունն արվում է, որպեսզի համապատասխանեցվի Հարկային նոր օրենսգրքի դրույքաչափերին: Իսկ ընդհանուր առմամբ այս փոփոխության արդյունքում ծանր վիճակում կհայտնվեն, գուցե նաև կփակվեն փոքր խաղատները, արդյունքում նորից կշահի Գագիկ Ծառուկյանի Շանգրի Լա խաղատունը կամ Փարավոն զվարճալիքների և խաղատնային համալիրը, որն առանց այդ էլ գրավել էր շուկայի 80 տոկոսը»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում։