«Ոսկե գնդակ»-ի 2016թ.-ի դափնեկիրը կդառնա Կրիշտիանու Ռոնալդուն
Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն 2016.թ-ի արդյունքներով «Ոսկե գնդակ»-ի դափնեկիր կդառնա: Այս մասին գրում է Интерфакс-ը՝ հղում անելով իսպանական լրատվամիջոցներին:
Լավագույն ֆուտբոլիստի ընտրության համար քվեարկությունն ավարտված է, իսկ պարգևատրման արարողությունը կանցկացվի դեկտեմբերի 12-ին: Չնայած դրան, ինչպես հաղորդում է լրատվամիջոցը, և՛ Ռոնալդուն, և՛ Մադրիդի «Ռեալը» արդեն իսկ տեղյակ են Ռոնալդուի հաղթանակի մասին:
Mundo Deportivo-ն նշում է, որ քվեարկության արդյունքներով վերջին 4 տարիների ընթացքում արդեն երրորդ անգամ երկրորդ տեղը կզբաղեցնի կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի խաղացող, արգենտինացի Լիոնել Մեսսին: Երրորդ տեղի համար պայքար է սկսվել մադրիդյան «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի և «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Նեյմարի և Լյուիս Սուարեսի միջև: