Վարչապետ. Վաղվա օրը գրագետ մարդու օր է
ՀՀ նոր վարչապետը ցանկանում է մեր երկիրը տեսնել ավելի արդար ու զարգացած: Հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ Կարեն Կարապետյանը շեշտել է, որ մեր երկրի զարգացման բարենպաստ պայմանների համար անհրաժեշտ է կրթված սերունդ: «Վաղվա օրը գրագետ մարդու օր է»,- հավելել է վարչապետը:
Ի դեպ, ըստ Կարապետյանի կառավարության ծրագրի, 2018 թվականից սկսած գիտության ֆինանսավորման ծավալների հիմնական մասը կուղղվի կիրառական և փորձակոնստրուկտորական ծրագրերի ոլորտ։ Մինչ այդ՝ 2017թ.-ին, ուսումնական հաստատությունների ծրագրերը կհամապատասխանեցվեն աշխատաշուկայի պահանջներին:
Հարցազրույցի ընթացքում վարչապետն ասել է, որ կառավարությունն առաջնային խնդիր է համարում ստեղծագործող մարդու բիզնեսին խոչընդոտներից հեռու պահելը: Կառավարությունն այս ոլորտում ստանձնելու է խթանողի դերը: Բիզնես միջավայրում ակտիվություն մտցնելու համար, ըստ Կարեն Կարապետյանի, ստեղծվելու է ներդրումային հիմնադրամ:
Հարցազրոյցի ընթացքում վարչապետը հավելել է, թե պատրաստ է մինչև վերջ իր կարողությունները դնել, և այն պահին, երբ կզգա, որ օգուտ չի տալու՝ մի օր ավելի չի մնա իր պաշտոնին:
Սեդա Ադամյան, Ֆեյսբուք