Վենեսուելան Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որը պաշտոնական այցով գտնվում էր Բաքվում, ապշերոնյան բռնապետի հետ մի քանի համատեղ պայմանագրեր է կնքել և համատեղ դեկլարացիա ստորագրել, որտեղ Վենեսուելան Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս: Այդ մասին հատուկ նշել է Իլհամ Ալիևը և շնորհակալություն հայտնել Մադուրոյին:
Զարմանալի բան է մարդկային հիշողությունը: Մադուրոն շատ արագ մոռացավ իր հայրենիքի՝ Վենեսուելայի պատմությունը: Ինչպես 20-րդ դարի վերջին Արցախն է Ադրբեջանից անկախացման համար պատերազմել, այնպես էլ Վենեսուելան է 1811-1830 թթ-ին պատերազմել անկախության համար Իսպանական միապետության դեմ և շատ մեծ դժվարությամբ այն ձեռք է բերել: Իսպանացիների համար հանցագործ Սիմոն Բոլիվարն էլ դարձավ Վենեսուելայի հերոս: Կրկնակի զարմանալի է, երբ արցախահայության ինքնորոշմանը դեմ է գնում քրոնիկ պայքարող սոցիալիստ Մադուրոն:
Քանի դեռ մեր հարազատ ԱԳՆ-ն գաղտնի, բայց «տիտանիկ» աշխատանք է տանում, որի մասին տեղյակ են ընտրալները, ազերի-թուրքերը շատ ակտիվ աշխատում են Լատինական Ամերիկայի երկրներում: Ժամանակին, երբ Արգենտինան և Ուրուգվայը գրեթե պատրաստ էին ճանաչելու Արցախի անկախությունը, մերոնք «քնած» էին:
Բաքուն տեղեկացված լինելով այդ մասին և Հարավային Ամերիկայի երկրներում հայկական համայնքների մեծ հնարավորությունների մասին հատուկ աշխատանք է տանում դրանցում իր դեսպանատների միջոցով: Առաջին «զոհը» Կոլումբիան էր: Հիմա արդեն Վենեսուելան է ադրբեջանամետ հայտարարություններով հանդես գալիս: Եթե մեր դիվանագետները շարունակեն նույն քաղաքականությունն, ապա չեմ զարմանա, եթե շուտով հայաշատ համայնքներ ունեցող Բրազիլիան, Ուրուգվայը և Արգենտինան ևս «իլհամամետ» դառնան, իսկ Բաքուն էլ հասնի նրան, որ Կոլումբիայում գտնվող Արմենիա քաղաքը վերանվանվի ինչ-որ «Մեհրիբանաբադի»:
Վերջապես ե՞րբ են մերոնք հասկանալու, որ դիվանագիտության վրա գումար չեն ափսոսում:
Հ.Գ.ՀՀ ԱԳՆ-ն պետք է հասկանա, որ այս տենդենցը բավական վտանգավոր է: Այսօր՝ Վենեսուելան է, վաղը մի այլ երկրի նախագահի կհրամցնեն նույն հակահայկական բովանդակությամբ հռչակագիր ստորագրել: Ի դեպ, վաղը Բաքու է ժամանելու Խորվաթիայի նախագահը: Տեսնե՞ս նա էլ է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու:
Գագիկ Համբարյան, Ֆեյսբուք